ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմ

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։

Այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։

Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, երեխայի աշխատանքային իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: