Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար
Ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական, և ամբողջ բովանդակությունը պետք է ուղղված լինի նշված թեմաների, առարկաների, ծրագրերի բովանդակությունն ու գիտելիքը փոխանցելուն:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի դիտարկմանը, թե տասնյակ են դեպքերը, երբ բուհերում կամ դպրոցներում դասավանդողները դասավանդման ժամանակն օգտագործում են Կառավարության և վարչապետի հասցեին վիրավորական, վարկաբեկող արտահայտություններ անելու համար:
«Եթե որևէ մեկը որևէ ուսումնական հաստատությունում դասավանդման համար հատկացված ժամանակը, դասարանը, լսարանը օգտագործում է քաղաքական նպատակներով, լինի դա Կառավարության, իշխող կուսակցության, ընդդիմության, որևէ քաղաքական ուժին վերաբերող հայտարարություններ, քարոզ կամ հակաքարոզ, ենթակա է աշխատանքից հեռացման, անհապա՛ղ:
Այնպես որ, եթե գիտեք նման դեպքեր, դիմեք մեզ, մենք կարձագանքենք արագ և հստակ»,- ասաց նախարարը:



