երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Հնդկաստանում հայկական գաղթօջախի երբեմնի հզոր պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են, որոնք էական դերակատարություն ունեն հնդկահայ համայնքի կյանքում և առհասարակ հայապահպանության գործում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Հնդկահայոց թեմի հոգևոր հովվության սպասավոր Զաքարիա սարկավագ Թադևոսյանը: 

Նրա փոխանցմամբ՝ Հնդկաստանում գործում է յոթ հայկական եկեղեցի։ Դրանցից Սուրբ Նազարեթ (որոշ աղբյուրների համաձայն՝ հիմնադրված 1707 թ․), Սուրբ Երրորդություն (հիմնադրված 1867 թ.) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (հիմնադրված 1906 թ.) եկեղեցիները գտնվում են Կալկաթա քաղաքում:

«Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում է գտնվում Կալկաթայի ամենահին քրիստոնեական գերեզմանը՝ թվագրված 1630 թ․, որտեղ ամփոփված է Ռեզաբեբե Սուքիասի աճյունը։ Նույն եկեղեցու բակում են գտնվում նաև հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինի, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադիր Աստվածատուր Մուրադխանյանի, Դավթյան օրիորդաց վարժարանի հիմնադիր Դավիթ Դավթյանի և այլոց գերեզմանները: 

Կալկաթայից բացի Հնդկաստանի այլ քաղաքներում ևս գործում են հայկական եկեղեցիներ․ Չինսուրայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին՝ կառուցված 1697 թվականին, Հնդկաստանի ամենահին հայկական եկեղեցին է։ 

Մադրասում (այժմ՝ Չեննայ) է գտնվում Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցին՝ կառուցված 1712 թվականին, որի բակում ամփոփված են հայկական առաջին ամսագրի հիմնադիր և խմբագիր Տ․ Հարություն ավագ քահանա Շմավոնյանի, հայտնի բարերար և հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի և այլ հայորդիների աճյունները։ Չեննայում է գտնվում նաև հայտնի բարերար Խոջա Պետրոս Ոսկանի գերեզմանը։ 

Սայդաբադում գործում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1758 թվականին, իսկ Մումբայում՝ Սուրբ Պետրոս հայոց եկեղեցին՝ կառուցված 1796 թվականին։ 

Մայրաքաղաք Նյու Դելիում գոյություն ունի հայկական մատուռ, որը, ցավոք սրտի, որպես այդպիսին չի գործում»,- մանրամասնեց Զաքարիա սարկավագը։

Նա ընդգծեց, որ հայերի թիվը Հնդկաստանում զգալիորեն նվազել է՝ հասնելով շուրջ 200-ի:

«Հնդկահայոց հոգևոր հովվությունը Հնդկաստանում բնակվող բոլոր հայորդիների հոգևոր կարիքները հոգալու համար Սուրբ Պատարագներ է մատուցում Հնդկաստանում գործող բոլոր հայկական եկեղեցիներում և կազմակերպում ուխտագնացություններ, որոնց իրենց մասնակցությունն են բերում նաև ճեմարանականները։ Դրանից բացի, ճեմարանի տեսչությունը և Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչությունը տարվա ընթացքում, հիմնականում Կալկաթայում, կազմակերպում են զանազան միջոցառումներ, որոնց հրավիրվում և մասնակցում են կալկաթաբնակ բոլոր հայորդիները»,- ասաց  Զաքարիա սարկավագը:

Սարկավագի դիտարկմամբ՝ հնդկահայերի կյանքում բավական մեծ դերակատարում ունի Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, որն աշխարհում գործող ամենահին հայկական կրթական հաստատությունն է՝ հիմնադրված 1821 թվականին:

«Ճեմարանը հնդկահայ գաղթօջախի անբաժանելի մասն է՝ Հնդկաստանի բաբախող սիրտը գաղութի ներսում: Ճեմարանում ուսանում է վաթսուն հայ աշակերտ՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից, Մյանմարից և Ռուսաստանից: Ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայրենագիտություն» առարկաների։ Դպրոցը պաշտոնապես գրանցված և պետականորեն ճանաչված է Հնդկաստանի կրթության նախարարության կողմից։ Կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին: Ճեմարանում կրթությունը տասնամյա է, որը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտելուց հետո հայ տղաներն ու աղջիկները կարող են ուսումը երկու տարի շարունակել Կալկաթայի «Լա Մարտինիեր» անգլիական ավագ դպրոցում։ Վերոհիշյալ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն է տրվում՝ իրենց ընտրությամբ և ճեմարանի տեսչության համաձայնությամբ Հնդկաստանի ցանկացած համալսարանում ուսումը շարունակելու։ Ներկա պահին ունենք շրջանավարտներ, որոնք ուսանում են Կալկաթայի տարբեր համալսարաններում։ Մարդասիրական ճեմարանը հոգում է իր բոլոր աշակերտների և Հնդկաստանում հայ ուսանողների ուսման, կեցության, սննդի, հագուստի, բժշկության և ուղևորության ծախսերը։ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մշտապես գտնվել և գտնվում է Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնության, անմիջական ուշադրության, ծնողական խնամքի և ամենօրյա հոգածության ներքո»,- նշեց հոգևոականը։

Մեր զրուցակիցը կարևորեց նաև Կալկաթայում 1922 թվականին մեծանուն բարերար Դավիթ Դավթյանի նյութական միջոցների և ջանքերի շնորհիվ կառուցված Օրիորդաց վարժարանի դերը: Նա նկատեց՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը և  Դավթյան օրիորդաց վարժարանը կան, գոյություն ունեն և շարունակում են իրենց կրթական հայանպաստ գործունեությունը Հնդկահայոց հոգևոր հովվության և Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության դրսևորած ջանքերի շնորհիվ:   

Ի դեպ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն այս օրերին հայտարարել է ընդունելություն 7-11 տարեկան հայ տղաների և աղջիկների համար։ Ցանկացողները հավելյալ տեղեկությունների համար կարող են գրել [email protected]․in էլեկտրոնային հասցեին։

  • Կիսվել: