չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 25-26-ը մասնակցել է Չինաստանի Դալիան քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) 15-րդ Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը (Annual Meeting of the New Champions):

Նախարարի առաջին տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների պատվիրակությունների, միջազգային գործընկերների հետ՝ բանակցություններ վարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության օրակարգի ընդլայնման շուրջ, ներկայացրել Հայաստանում արհեստական բանականության զարգացմանն ու առաջընթացին ուղղված պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու քայլերը։

Միջոցառման շրջանակներում հունիսի 25-ին Գևորգ Մանթաշյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Ինդոնեզիայի Հանրապետության զբոսաշրջության և ստեղծարար տնտեսության նախարար Սանդիագա Սալահուդին Ունոյի հետ մասնակցել է «Երկխոսություն թվային տնտեսության համաձայնագրի առաջնորդության շուրջ (Digital Economy Agreement Leadership: DEAL). Թվային տնտեսության համաձայնագրերի ապագան» խորագրով փակ քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային տնտեսության հեռանկարներին և առաջնահերթություններին, ընդգծվել է առկա մարտահրավերները լուծելու նպատակով քաղաքական ու գործարար աշխարհի առաջնորդների միջև համագործակցության կարևորությունը:

 

Հանդիպում է տեղի ունեցել նաև «Dalian Hi-tech Zone»-ի տնօրեն Էշլի Յաոյի և կենտրոնի ներկայացուցիչ Հու Ֆանի հետ, որի ընթացքում քննարկվել են նորարարության և նորաստեղծ էկոհամակարգերի խթանման, STEM (բնագիտամաթեմատիկական) կրթության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի առաջին տեղակալը հունիսի 26-ին հանդիպել է նաև ՉԺՀ-ի Պետական խորհրդի Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովին (NDRC) առընթեր Տվյալների ազգային վարչակազմի (National Data Administration (NDA)) տնօրեն Լյու Լիհոնգի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Գևորգ Մանթաշյանը Դալիանի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների գրասենյակի տնօրեն Չենգ Յինջունի, «Astro AWANI» ընկերության ղեկավար Աշվադ Իսմայիլի, «Salesforce» ընկերության տնօրեն Բոն Պոհ Մոկի, Լիաոնինգ նահանգի ժողովրդական կառավարության փոխնահանգապետ Ջին Գու Վեյի հետ գործնական հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) 15-րդ ամենամյա հանդիպումն անցկացվել է «Աճի նոր սահմաններ» խորագրի ներքո։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 1500 պատվիրակներ, գործարար համայնքի, լրատվամիջոցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ամբողջ աշխարհից՝ ներգրավելով համաշխարհային օրակարգի ամենահրատապ խնդիրների լուծմանը:

  • Կիսվել: