չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունն անհանգստություն չի առաջացնում Իրանում, իմ ու Ռայիսիի հանդիպմանը նման հարց չի բարձրացվել. Փաշինյան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունն անհանգստություն չի առաջացնում Իրանում, իմ ու Ռայիսիի հանդիպմանը նման հարց չի բարձրացվել. Փաշինյան

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում որեւէ անհանգստություն չի առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եւ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը նման հարց չի բարձրացվել: Ըստ էության, Արեւմուտքը Հայաստանի Հանրապետությունում միշտ էլ ներկա է եղել: Ես կարծում եմ, որ մեր տված պարզաբանումները բավարար են Իրանի համար: Ես տպավորություն չստացա, որ քաղաքացիական առաքելության ներկայությունն Իրանում որեւէ անհանգստություն է առաջացնում: Այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում Իրանին մեր տարածաշրջանում, եւ այդ դերակատարներն ամենեւին էլ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց եւ բարձր գնահատեց ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը: Նրա խոսքով՝ դիտորդների առաքելության բուն նպատակը կրակոցների մասին ամենօրյա հայտարարություններ անելը չէ:

«Կարծում եմ, որ իրենք ավելի խորը հետեւություններ պետք է անեն եւ դրանք փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին եւ միջազգային հանրությանը: Վստահ եմ, որ այդ հետեւությունները կլինեն օբյեկտիվ: Իրենք հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չեն իրականացնում, իրենց առաքելության իմաստն առավել խորն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրանը եւ Ադրբեջանը շատ խոր մշակութային եւ տնտեսական կապերով իրար կապված բարեկամական երկրներ են, որոնք կարող են բանավիճել, սակայն դրանում պետք չէ չափազանցություններ փնտրել:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ շատ կարեւոր դերակատար է, եւ մենք շատ սերտ համագործակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ: Շատ կարեւոր մանրուքներ կան, եւ շատ կարեւոր է, որ հաղորդակցության մեջ հնչեն հարցեր եւ պատասխաններ: Մեզ համար շատ կարեւոր է հարաբերությունների զարգացումը, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԻԻՀ-ն միջազգային և տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է:

«Այս է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, ինձ համար շատ կարևոր է, որ մեր մտածածի, մտահոգությունների, դրանց հասցեագրման մեր պատկերացումների մասին ԻԻՀ մեր գործընկերները մեզնից ստանան տեղեկություններ, ինչպես նաև մեր մյուս գործընկերները: ԻԻՀ-ն կարևոր դերակատար է, մեզ համար կարևոր է նաև մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց` Հայաստանը մտադիր է ոչ միայն երկարաձգել Իրանի հետ գազի պայմանագիրը, այլև ավելացնել գազի մատակարարումը:

«Մենք Իրանից գազ ենք վերցնում, էլեկտրաէներգիա ենք արտադրում այդ գազով, էլեկտրաէներգիան վերադարձնում ենք ԻԻՀ-ին, իհարկե` որոշակի գործակիցներով, որ շահավետ լինի: Հիմա գործնականում այն էլեկտրագծերը, որ կան ՀՀ-ի և Իրանի միջև, ամբողջությամբ ծանրաբեռնված են: Որպեսզի մենք ավելի շատ գազ կարողանանք սպառել` էլեկտրաէներգիա արտադրելու համար, պետք է ավելի շատ դեպի Իրան արտահանելու հնարավորություն ունենանք, իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո: Երբ այն ավարտվի, իհարկե, ավելի շատ  գազ պատրաստ կլինենք վերցնել, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք Իրանին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց` այս հարցում ՌԴ-ի հետ որևէ հակասություն չկա, էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց համակարգը վաղուց կա:

  • Կիսվել: