ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հազարավոր մարդիկ կորոնավիրուսով վարակված են, սովի են մատնված, դուք ծիծաղու՞մ եք. Մարուքյանը՝ իմքայլականներին

Հազարավոր մարդիկ կորոնավիրուսով վարակված են, սովի են մատնված, դուք ծիծաղու՞մ եք. Մարուքյանը՝ իմքայլականներին

Այսօր ԱԺ-ում արտակարգ ռեժիմի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՛՛մարդկանց պետք է փող տայինք, որ տանը մնային, սակայն չտվեցինք, եւ ունենք այն, ինչ ունենք՛՛:

Նա նշեց նաեւ, որ սահմանափակումների վերացումը հանգեցրեց կորոնավիրուսով վարակվածների թվի աճին:

Մարուքյանը նիստի ժամանակ հարց բարձրացրեց, թե արդյոք հնարավո՞ր չէ սահմանափակումները պահպանել՝ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի:

Մարուքյանի խոսքով՝ հանրության շրջանում կարծիք կա, որ արտակարգ դրությունը չպետք է երկարաձգվի,  իսկ «Լուսավոր Հայաստանի» կարծիքն այն է, որ այն ապօրինի է, քանի որ ՀՀ-ում 30 օրից ավել չի կարելի երկարեցնել արտակարգ դրությունը: Նա վստահեցրեց, որ այդ խնդրով կզբաղվի առաջիկայում խորհրդարանում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովը:

Պատգամավորն ասաց. «Մենք չենք տեսնում, որ կառավարությունը ցույց տա, որ իրավիճակը կառավարվում է,  ցույց տա, որ այս իրավիճակում լուծումներ են առաջարկվում և խնդիրներ են լուծվում»:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ ոստիկանության գործողություններին եւ ասաց, որ այն, ինչ տեսնում է, անհամաչափ է, եւ կիրառվում են անտրամաբանական որոշումներ, ուստի ոստիկանությանը կոչ արեց վերադառնալ տրամաբանության շրջանակ՝ որոշումներ կայացնելիս:

 «Հազարավոր մարդկանց բանկային բեռի լուծման ուղղությամբ որևէ բան չարվեց»,-ասաց Մարուքյանը ու նշեց, որ դրանում համոզվել է գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, որոնք պնդել են, որ անհատական կարգով ոչ մեկին չեն օգնել:

Նրա խոսքով՝ նույն վիճակն է նաև հարկային և մաքսային վարչարարության հարցում, և տույժ ու տուգանք է սահմանվում ուշացված բոլոր վարկերի համար:

Մարուքյանը հիշեցրեց, որ կառավարությունը մերժել է ընդդիմության բոլոր առաջարկները՝ ասելով. « Ասում են՝ մենք ամեն ինչ գիտենք, սաղ կառավարում ենք: Այսօր քննարկման ընթացքում ասվեց, որ հայեցակարգային  սխալներ են թույլ տրվել և չի ասվում, թե ինչ սխալների մասին է խոսքը»:

Այդ ժամանակ ԱԺ դահլիճից ծիծաղի ձայներ լսվեցին, և Մարուքյանը հետաքրքրվեց, թե ով է ծիծաղում:

«Իմ քայլը» խմբակցությունից պատասխանեցին՝ բոլորս:

Սրան ի պատասխան՝ Մարուքյանը նշեց. «Այսինքն՝ հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղու՞մ եք, ժողովուրդը սովի է մատնված, դուք  ծիծաղում ե՞ք: Ժողովուրդ ջան, սա «Իմ քայլը» մեծամասնության ծիծաղն է,  ես հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի»:

  • Կիսվել: