հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը պետք է օգտվի Արևմուտքի ընձեռած դիվանագիտական հովանոցից. քաղաքագետը՝ արևմտյան հարթակներում ընթացող բանակցությունների մասին

Հայաստանը պետք է օգտվի Արևմուտքի ընձեռած դիվանագիտական հովանոցից. քաղաքագետը՝ արևմտյան հարթակներում ընթացող բանակցությունների մասին

Չափազանց դրական է, որ ԱՄՆ-ի դիվանագիտական աջակցության միջոցով ադրբեջանական և հայկական կողմերը կարողանում են կամք դրսևորել և նույն սեղանի շուրջ բանակցել վիճահարույց խնդիրների վերաբերյալ, բայցևայնպես, գործընթացը տրամաբանական վերջնարդյունքի բերելու առումով այդքան էլ լավատեսական հիմքեր չի տալիս, քանի որ բանակցությունների հիմնական օբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների վերաբերյալ կան սկզբունքային տարաձայնություններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։

 

«Հայկական կողմը միանշանակ առաջ է տանում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այդ հարցը փակ է 2020 թվականի պատերազմից հետո։ Անկյունաքարային տարաձայնությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանն ակնհայտորեն ոտնահարում է հայ ազգաբնակչության շահերը և սողացող պատերազմի, բիրտ ուժի տարրեր պարունակող գործողությունների միջոցով փորձում է արցախահայերին ենթարկել հայրենազրկման, ինչը բնութագրվում է որպես ցեղասպանություն»,- ասաց Սիմոնյանը։

 

Նրա դիտարկմամբ՝ հարցը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվում, քանի որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի նաև Հայաստանի նկատմամբ և բարձրացնում է ոչ միայն տխրահռչակ անկլավների հարցը, այլև կոնկրետ ծրագրեր է կապում Սյունիքի հետ, նույնիսկ Երևանն է ադրբեջանական մեդիահարթակների եղանակային տեսության թողարկումներում ներկայացվում որպես ադրբեջանական քաղաք։ Աբսուրդի հասնող այդ հանգամանքը խրախուսվում է Ադրբեջանի բարձրաստիճան օղակներում, ինչը չի կարող հանգեցնել բանակցային գործընթացի միջոցով լիակատար խաղաղության հաստատմանը։

«Միակ բանը, որ կարող ենք ակնկալել արմտյան հարթակներում ընթացող բանակցություններից, ժամանակի գործոնն է, այսինքն՝ ԱՄՆ-ի ջանքերի միջոցով տարածված դիվանագիտական հովանոցն առկախում է Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ագրեսիայի մեկնարկը։ Նման իրավիճակում ՀՀ իշխանության գերագույն նպատակը պետք է լինի ժողովրդին նման արհավիրքից ապահովագրելն ու պաշտպանելը։ Եթե Ադրբեջանի վերջնական նպատակը կրկին պատերազմի հրահրմամբ ՀՀ-ից առավելագույնը պոկելն է, ապա մենք շարունակաբար պետք է բարձրացնենք մեր զինված ուժերի մարտունակությունն ու երկրի դիմադրողականությունը՝ օգտվելով միջազգային միջնորդների կողմից մեզ ընձեռված դիվանագիտական հովանոցից։ Եթե հավասարակշռությունը վերականգնվի, ապա Ադրբեջանն ավելի պատրաստակամորեն կներկայանա բանակցություններին և շատ ավելի համաձայնողական դիրքորոշում կորդեգրի հայերի իրավունքների հարցում»,- նշեց քաղաքագետը։

 

Գնահատելով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ Սիմոնյանը շեշտեց, որ այդ երկիրն ունի պետական կառավարման արդյունավետ համակարգ և գործում է իր ազգային շահերին համահունչ, որոնք այս շրջանում համընկել են մեր կենսական շահերի հետ՝ ի հեճուկս նրանց, ովքեր 2020 թվականին արցախյան հիմնախնդիրը համարում էին փակված։

Սիմոնյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի սեփական շահերը կյանքի կոչելու գործիքակազմ և դիվանագիտության տակ հասկանում է նաև ուժային մեթոդների կամ ուժի սպառնալիքի կիրառում, այսինքն՝ եթե ԱՄՆ-ն տեսնի, որ ադրբեջանական կողմը շարունակ բորբոքում է հակամարտությունը, ապա սկզբից նրա նկատմամբ կարող է կիրառել դիվանագիտական, ապա տնտեսական ճնշումներ, իսկ հետո նաև պատժամիջոցներ, ինչը կունենա սթափեցնող հարվածի ազդեցություն։ Այդ ընթացքում չի բացառվի նաև հատուկ տեխնոլոգիաների մատակարարումը հայկական զինուժին, ինչին առնչվող դեբատներն արդեն իսկ մեկնարկել են։ Այդ համատեքստում պատահական չէ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամերիկյան այցն ու հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ, թեև այդ կարևոր այցը նախևառաջ հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու համատեքստում է։ 

Անդրադառնբալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հուլիսի 15-ին Բրյուսելում  կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից՝ Սիմոնյանն ընդգծեց, որ այդ հարթակում բանակցությունները նույնպես կարևոր են, բայց այս փուլում խաղաղության պայմանագրի վավերացման մասին խոսք լինել չի կարող։

«Խաղաղության պայմանագրերը սովորաբար կնքվում են երկկողմ լիակատար համաձայնության արդյունքում։ Եթե կողմերից մեկը դեռ կանգնած է ռազմական ուղու վրա՝ գտնելով, որ իր շահերը առավելագույն չափով չեն սպասարկվել, ապա խաղաղության պայմանագիրը դառնում է անիմաստ։ Առհասարակ նման պայմանագիրը խաղաղության իրողության վերջնակետն է, եթե դա չկա, մնացածն առոչինչ է։ Ի՞նչ երաշխիքներով կամ ինչպե՞ս կարող է այդ պայմանագիրը միջազգային արբիտրների ներգրավմամբ կենսունակ լինել ու պահպանվել տասնամյակներ, եթե այսօր միջազգային իրավակարգն է վիճարկվում։ Եթե չկա երկկողմանի խաղաղության օրակարգ, ապա դրա փաստաթղթավոորումն անիմաստ գործողություն է»,- եզրափակեց քաղաքագետը։

  • Կիսվել: