հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը խնդիր ունի գազի տրանզիտի հետ կապված․ Շավարշ Քոչարյան

Հայաստանը խնդիր ունի գազի տրանզիտի հետ կապված․ Շավարշ Քոչարյան

Նախատեսվում է ընդհանուր շուկան ձեւավորել 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ընթանում են շատ ինտենսիվ բանակցություններ: Այս մասին այօրս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ ժամանակին ԵՄ-ն սկսեց իր համագործակցությունը հենց էներգակիրների հարցում՝ ածուխի եւ պողպատի: Իհարկե, էներգակիրները շատ կարեւոր են. նպատակն այն է, որպեսզի այդ սուբյեկտների տարածքներում լինեն հավասար պայմաններ: իդեալականը, որին ձգտում ենք այն է, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան էներգակիրները: Ընդհանուր շուկայի նպատակն այն է, որ բոլորի համար լինի նույն պայմանները, խտրական չլինի, որովհետեւ ինքնարժեքի մեջ էներգակիրները իրենց դերն ունեն, ու ստացվում է, որ անհավասար պայմաններում են:

Այս պարագայում կա մեկ պայմանավորվածություն՝ Ռուսաստանը բոլոր մյուս սուբյեկտներին գազը վաճառելու է նույն գնով: Սա արդեն մեկ քայլ առաջ է, թեեւ այն իդեալականը չի»,-ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը խնդիր ունի գազի տրանզիտի հետ կապված, որը դեռ չի լուծվել. «Դրա շուրջ բուռն քննարկումներ եղան, բայց այդ խնդիրը դեռեւս լուծված չի: ԵՏՄ երկու երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը էներգակիր արտահանող երկրներ են, իսկ երեք երկրներ՝ ներկրող: Այդ ուղղությամբ բանակցությունները գնում են»:

ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ պետք է ձեւավորվի միասնական էներգետիկ շուկա. «Բայց այդ ձեւակերպումը ենթադրում է որոշակի կոնկրետությունը, որը ամեն մեկը յուրովի կարող է ընկալել: Դա այն նուրբ խնդիրն է, որտեղ կան շատ լուրջ շահեր»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր ռուսաստանում կան այդ ոլորտում մենաշնորհ ունեցող կազմակերպություններ, որոնք ուզում են իրենց գերշահույթները պահպանել, եթե նույնիսկ միջազգային գներն անկում են ապրում:

  • Կիսվել: