Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հնարավորությունը. Խանդանյան
Հայաստանում վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետեւ վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ապահովում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ պատրաստ են հարաբերությունները սերտացնել այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի, իսկ ՌԴ-ում էլ այդ ելույթը համարել էին սադրիչ՝ նշելով, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով:
«Արտաքին կողմնորոշումը այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումն է, որը կապահովի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,-ասաց նա:
Ճշտող հարցին, այդ անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է, թե՞ Արեւմուտքը, նա պատասխանեց. «Դա Հայաստանն է, առաջին հերթին ՀՀ զինված ուժերը եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը եւ այն բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, որոնք կիսում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը անսասան պետք է մնա, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը անսակարկելի արժեքներ են»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ «Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասաց Խանդանյանը:
Նշենք, որ ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները Փաշինյանի` Եվրախորհրդարանում ելույթն անվանել են անպատասխանատու և սադրիչ, հատկապես` Ռուսաստանին և հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող։



