երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի։ Lրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, դրսևորվել, սրել իրավիճակը և խնդիրներ ստեղծել, որոնք շատ հաճախ գոյություն չունեն, այդ մարդիկ և իրենց վարած քաղաքականությունը միանշանակ ձախողվելու են։ Դուք լսել եք, որ մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք և սա լսել եք ամենաբարձր մակարդակով։ Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Եթե ուշադիր հետևեք մեր տնտեսական ձեռքբերումներին, կտեսնեք, որ տնտեսական առումով բավականին դրական դինամիկայի մեջ ենք գտնվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2022 թվականին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանը բազմաթիվ հարցեր է բարձրաձայնել Ռուսաստանի առաջ, և այդ հարցերը թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկվել են։

«Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական առումով այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Բայց որևէ քաղաքական կտրուկ փոփոխության կամ վեկտորի փոփոխության առումով Հայաստանը որևէ տեղ չի գնում։ Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս»,- ընդգծեց նա:

Հակոբյանն ասաց, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք շատ հաճախ մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս:

«Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք և չշեղվենք անկարևոր բաների վրա»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել:

«Պետք է սթափ նայենք իրավիճակին։ Հայաստանի Հանրապետությունը այս բարդ և փլուզվող աշխարհակարգերի շրջանում գտնվում է բավականին լարված իրավիճակում, բայց նաև ուզում եմ նշել, որ մեր տնտեսական և այլ հաջողություններով կարողանում ենք իրավիճակը կայուն պահել նաև գործընկերների հետ հարաբերություններում»,- եզրափակեց Հակոբյանը։

  • Կիսվել: