երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քկմ տարածքն անվտանգ դարձնելն է, այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է. Վաղարշակ Հակոբյան

Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քկմ տարածքն անվտանգ դարձնելն է, այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է. Վաղարշակ Հակոբյան

Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որով վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:

«Այո, մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ալիեւը հայտարարել է, որ Ջերմուկը, Երեւանը ադրբեջանական քաղաքներ են, ՔՊ-ականն ասաց. «Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը: Կարծում եմ՝ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ: Մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն:

Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցևայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, և ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»,- ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագիր կարող է կնքվել այն պայմաններում, երբ Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքում են, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, և մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու: Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, և այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, և միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք և կանխատեսում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքով առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին՝ Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, և մեզ համար գերխնդիրը սա է»:

  • Կիսվել: