չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆեյք օրակարգ է. Վաղարշակ Հակոբյանը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Ֆեյք օրակարգ է. Վաղարշակ Հակոբյանը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Վերջին շրջանում ՔՊ-ն ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում, ինչին զուգահեռ քննարկումներ են ընթանում, թե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապատրաստություն է իրականացնում: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան ասաց. «Ես չգիտեմ՝ այդ օրակարգը որտեղից է ի հայտ եկել. դա ֆեյք օրակարգ է: Ես նաև այդ օրակարգը ուզում եմ համեմատել որոշակի բաների հետ. բամբասանքների մակարդակի օրակարգ է. այդպիսի օրակարգ չկա: Ընդհանրապես, ինչու են լինում արտահերթ ընտրություններ. դրանք լինում են, երբ որ ժողովրդի կամարտահայտությունը չի լինում այնպես, ինչպես որ Սահմանադրության ձևաչափն է, պահանջն է: Արտահերթ ընտրություններ տեղի ունեցան պատերազմից՝ ազգային աղետից հետո, և մենք դրա միջով անցանք: Նման բան չկա, արտահերթ ընտրությունների հիմք չկա»: 

Անդրադառնալով կուսակցության նիստերի հաճախակի լինելուն՝ Հակոբյանն ասաց. 

«Մենք վերջին քաղաքական գործընթացներից հետո, նաև մեր կուսակցական տարբեր գործընթացներից հետո մտել ենք աշխատանքային կազմակերպչական և ներկուսակցական շինարարության փուլ և բավականին լուրջ և տարբեր տրամաչափի և տարբեր տեսակի ու տարբեր բարդությունների հարցեր կան կուտակված կուսակցական աշխատանքում: Այժմ մենք մտել ենք կուսակցաշինության փուլ և աշխատանքային մակարդակում հարցերը քննարկելու և լուծելու փուլ: Այժմ բավականին մեծ ուշադրություն է դարձվում կուսակցական աշխատանքներին և մենք շատ հաճախ հանդիպումներ ենք ունենում մեր կուսակցության անդամների, գործընկերների հետ և ուզում եմ, որ դուք այս հարցը դիտարկեք աշխատանքային կազմակերպչական մակարդակով»:

  • Կիսվել: