երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա, և ապատեղեկատվության աղբյուրները ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ․ Վարչապետ

Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա, և ապատեղեկատվության աղբյուրները ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ․ Վարչապետ

Վարչապետի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ տարածվող ապատեղեկատվության աղբյուրները ուսումնասիրելու համար, այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով իր այս հայտարարությունը սենսացիա չդարձնել։

«Ես հանձնարարական եմ տվել, որ ձևավորվի խումբ, որը ուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները՝ արդյոք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, արդյոք այդ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ են շահագրգռված ապատեղեկատվության տարածմամբ, արդյոք կարո՞ղ են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար։ Խնդրում եմ, սենսացիա պետք չի սարքել իմ այս հայտարարությունից, սա սովորական աշխատանքային հանձնարարություն է», -հավելեց վարչապետը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին։

Վարչապետն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա և պատմել է մի դեպք «Մի կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.

«Վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Լավ օկեյ, դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը և ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի: Պարզ է, չէ՞ որ սա կազմակերպված գործողություն է ու պետք է հասկանալ՝ ով է կազմակերպում այս գործողությունը ու օրենսդրությմբ ինչ տրամաբանության է արժանի։ կարող է ընդամենը պետք է բացահայտել կապերը, հրապարեկլ ու դրանով վերջացնել։ Կամ այլ միջոցներ ձեռնարկել։ Այն, որ հիբրիդային պատերազմ կա սրա մեջ, ակնհայտ է»։

  • Կիսվել: