երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են աշնանը համավարակի հնարավոր տարածմանը

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են աշնանը համավարակի հնարավոր տարածմանը

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:

 

Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։

 

  • Կիսվել: