երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից` այն անվանելով կնճռոտ։

«Բանակցային գործընթացը կնճռոտ է, բանակցային գործընթացը հարցեր է առաջացնող է, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքերը բանակցային գործընթացում այսօր բավականին նորմալ են։ Մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Սա համարում եմ մեծ ձեռքբերում, որ լարված իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանները հանգիստ են, և մենք, լիարժեք ներգրավված լինելով բանակցային գործընթացում, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում՝ ո՛չ գերտերությունները, ո՛չ հակառակորդները։

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բոլոր կողմերի համար ընկալելի է։ Այո, բանակցային գործընթացում մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունը հաշվի առնելով՝ ֆիքսվի այդ ամենը»,- հավելեց պատգամավորը։

  • Կիսվել: