ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Նոր մարտահրավերներ Ադրբեջանի իշխանությունների համար

«Հայաստանի Հանրապետություն». Նոր մարտահրավերներ Ադրբեջանի իշխանությունների համար

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի քաղաքական իշխանությունը թագավարակի հետ կապված բավականին խոցելի է դարձել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Եվրոպական մի շարք երկրներում նախագահ Իլհամ Ալիեւի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։ Երկրի ներսում նույնպես իրավիճակը հարթ չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ երկրի քաղաքական իշխանության հանդեպ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի, թե հասարակության շրջանում դժգոհությունն առավել ցայտուն է դարձել․ «Թագավարակն իրականում առիթ էր, որպեսզի քաղաքական իշխանության նկատմամբ անվստահությունն առավել ակնառու դառնա։ Եթե մինչ այդ փորձ էր կատարվում այս կամ այն կերպ լռեցնել դժգոհության ալիքը, ապա այժմ փաստացի անհնար է դառնում»։

Ադրբեջանում լայն թափ են ստացել ձերբակալությունները։ Թեեւ որպես պատրվակ բերվում է կարանտինային ռեժիմի խախտումը, այդ թվում՝ դիմակ չկրելը, սակայն փորձագետն ընդգծում է, որ ձերբակալվում են հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ակտիվ գործունեություն իրականացնող անձինք։

 

Անդրադառնալով Նախիջեւանում տիրող իրավիճակին, ռազմական փորձագետը նշեց, որ այդ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը՝ զորավարժությունները, ուսումնական վարժանքները, սկսվել են դեռեւս 2019 թվականի սեպտեմբերից, երբ Նախիջեւանում երկու զորավարժություն տեղի ունեցան Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ զորավարժություններին Թուրքիայի կողմից ներգրավված էր մեծ քանակությամբ զինտեխնիկա, որն այդպես էլ մինչ օրս չի հեռացվել Նախիջեւանի տարածքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: