չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը անդրադարձավ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը «չտես, գյորմամիշ է»:

Նա, մասնավորապես, նշել է. «Եկեք հասկանանք՝ ով է գյորմամիշը։ Մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք եք գյորմամիշը, որ ՀԷՑ-ի միջոցով զորամասերի վրա հավելագրումներ էիք անում։ Մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք եք գյորմամիշը, որ մանկապարտեզների վրա հավելագրումներ էիք անում ՀԷՑ-ի միջոցով։ Չէ՛, հասկանում եք, չէ՞, այստեղ աբսուրդն ի՞նչն է․ մարդիկ հավելագրումներ են արել ինչերի՞ վրա՝ զորամասերի վրա, մանկապարտեզների վրա։ Հարգելինե՛րս, այդ հավելագրումների միջոցով ո՞ւմ հացն էիք ուզում կտրել, մի հատ կբացատրե՞ք՝ հասկանամ՝ զինվորի՞, թե՞ մանկապարտեզի երեխեքի։

Հիմա ո՞վ է գյորմամիշը։ Գյորմամիշն ո՞վ է, որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը տարել 100 տոկոսանոց գրավադրել է։ Հիմա մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք։ Մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը օգտագործել եք ձեր մյուս՝ «Տաշիր գրուպի» բիզնեսները զարգացնելու, պահելու, պահպանելու համար։ Ո՞վ է գյորմամիշը։

Հա, մի բան էլ․ հիմա մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ տարել եք Վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք փակցրել, ճպցրել եք պատին։ Հա, ի դեպ, այդ նկարն էլ սովորական նկար չէ, այստեղ էլ նյուանս կա, ժողովո՛ւրդ ջան, սովորական նկար չէ, մարդը ձեռքը՝ գրպանում դրած, կանգնած նկարվել է»:

Չախոյանի ելույթից հետո դահլիճից ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին:

Ամփոփելով ելույթը՝ Չախոյանը հայտարարեց. «Պատերազմի եռագլուխ կուսակցության հարգելի՛ գյորմամիշներ, որ անընդհատ խոսում եք խլելուց, խլելուց, խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից։ Իսկ հիմա տեղի է ունենում հակառակ պրոցեսը․ ձեր գյորմամիշության արդյունքում խլվածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին»:

 

  • Կիսվել: