երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հարկը մեզանում պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պահանջի իրավունք․ Ֆինանսների նախարար

Հարկը մեզանում պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պահանջի իրավունք․ Ֆինանսների նախարար

Գույքահարկի հետ կախպված փոփոխությունները ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն են, այլ տրամաբանական շարունակությունն է երկրում հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների, այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Մինչ այս փոփոխությունը, նախարարը հիշեցրեց, եկամտային հարկի ու շահութահարկի դրույքաչափերի վերանայում կատարվեց, փոխվեցին մոտեցումները։

«Փոփոխություններին զուգահեռ կար խնդիր՝ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքահարկերի հաշվարկման համար, շատ հեռու էին գույքային միավորերի շուկայական արժեքներից։ Եվ նախատեսվում էր, որ երբ կվերանայվեն կադաստրային արժեքները, կմոտարկվեն շուկայական արժեքներին, դրանք կսկսեն կիրառվել գույքային հարկերի հաշվարկման համար։ Այդ փոփոխությունները անցյալ տարի տեղի ունեցան, արդյունքում մենք ունենք շուկայական արժեքին մոտարկված արժեքներ, որը հնարավորություն է տալիս կիրառելի դարձնել գույքահարկի փոփոխությունները», - ներկայացրեց նախարար Ջանջուղազյանը։

Ըստ նախարարի, գույքային միավոր առ միավոր վերլուծվել է հարկի փոփոխության ազդեցությունը և ըստ դրա, կայացվել են համապատասխան որոշումներ։

Խոսելով առհասարակ հարկի՝ որպես հասկացություն գաղափարի մասին, նախարարը նկատեց, որ անհրաժեշտ է՝ փոխել մոտեցումները դրա նկատմամբ։ «Հարկը մեզանում ընկալվում է որպես բեռ, մինչդեռ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք է, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական բյուջեն կամ համայնքի բյուջեն օրենսդրությամբ պարտավորվել է մատուցել հանրությանը։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք հարցին, ապա շատ ավելի ընկալելի կլինի, որովհետև միջին վիճակագրական մարդը ինչպես սպառող է, այնպես էլ  արտադրող, հետևաբար, երբ ինքն իրեն միայն որպես արտադրող է վերաբերվում, այդ դեպքում հարկի հասկացությունը վերածվում է բեռի ընկալման։ Բայց երբ որպես սպառող է սկսում ընկալել իրեն, այդ դեպքում պարզ է դառնում, որ այդ վճարմամբ իր մոտ ձևավորվում է պահանջի լեգիտիմ իրավունք», - հայտարարեց ֆինանսների նախարարը։

 Գույքահարկից ստացվող եկամուտները ուղղվելու են համայնքային բյուջե, ինչի արդյունքում համայնքը կունենա սեփական եկամուտները, կհոգա սեփական խնդիրները և ձեռք կբերի ֆինանսական անկախություն։

Նախարարը նկատեց, որ դժվար է գտնել մարդու, որը բավարարված է համայնքի կողմից իրեն մատուցված ծառայությունների, ստեղծած միջավայրի համար, իսկ լավ ծառայություններ ստանալու միակ ճանապարհը դրա համար վճարելն է։

«Եթե մի կողմը չվճարի, ապա մյուսը չի կարող ծառայություններ գեներացնել», - նկատեց Ջանջուղազյանը։

  • Կիսվել: