շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարոն Ջանջուղազյան, վստահ եմ կդառնաք պալատի նախագահ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն. Իշխան Զաքարյան

Պարոն Ջանջուղազյան, վստահ եմ կդառնաք պալատի նախագահ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն. Իշխան Զաքարյան

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը: 

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախ ներկայացրել Ջանջուղազյանի կենսագրությունը, ապա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք իրապես տեղին լուրջ թեկնածու ենք առաջադրել այս շատ կարևոր պաշտոնի համար»:

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն իր հերթին նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանի կենսագրականը խոսում է այն մասին, որ նա կդառնա կառույցի բավականին լավ նախագահ. «Պարոն Ջանջուղազյան, դուք կդառնաք պալատի նախագահ, վստահ եմ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն, կապված օրենքի հետ, որովհետեւ գործող օրենքն ունի բազմաթիվ թերություններ և պալատին ստիպում է, որ շատ հարցերի մոտենա ձևական, ոչ բովանդակային առումով, ոչ էլ օգտակարության գործակիցը բարձր պահելու առումով: Այս տրամաբանությամբ, ձեր առաջին գործը պետք է լինի կառույցի համապատասխան մասնագետների հետ օրենքն ուժեղացնել, պնդացնել եւ բոլոր ձեւական բաները մի կողմ շպրտել, որ կարողանա Հաշվեքննիչ պալատն ավելի արդյունավետ աշխատի»,-ասաց նա:

«Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի ընթացքում մեզ կհաջողվի մեր բոլոր պետական ինստիտուտներին բարձրացնել այլ կայացման աստիճանի և փոխել մեր պետության դիրքը համաշխարհային իրականության մեջ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: 

Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

  • Կիսվել: