հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնում են որ հոկտեմբերի 8-ին ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք։

 

«2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք»,- ասվում  է ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

 

 

 

  • Կիսվել: