հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով. հայտարարություն

Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով. հայտարարություն

Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ:

Այս մասին նշված է Ղազախստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Կոչ ենք անում մեր բարեկամներ` Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից` վիճահարույց հարցերը լուծելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը նշում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին առճակատման հետագա սրումը կարող է անկանխատեսելի բացասական հետևանքների հանգեցնել:

«Մենք հույս ենք հայտնում, որ շուտափույթ խաղաղություն և համաձայնություն ձեռք կբերվի, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ)-ի հարթակները»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: