երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020-ի նոյեմբերի հայտարարության վրա. պուտին

Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020-ի նոյեմբերի հայտարարության վրա. պուտին

Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։ Խաղաղապահների ոչ մի կարգավիճակ այդպես էլ չի առաջացել։ Այս մասին Վալդայ միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայտնի իրադարձություններից և ԽՍՀՄ փլուզումից հետո մենք գիտենք, որ ծագել է ազգամիջյան հակամարտություն, բախումներ են սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, դրանք սկսվել են Սումգայիթից, հետո տարածվել են Ղարաբաղում։ Սա բերեց նրան, որ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները... Ադրբեջանի յոթ շրջանները: Սա, կարծում եմ, Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։

Այս ամենը շարունակվում էր շատ տասնամյակներ: Պետք է ասեմ, և ես այստեղ որևէ գաղտնիք չեմ բացահայտի, վերջին 15 տարիների ընթացքում մենք մեր հայ ընկերներին բազմիցս առաջարկել ենք գնալ փոխզիջումների՝ Ղարաբաղի շուրջ 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ժամանակ առ ժամանակ մեզ ասում էին. ՛՛Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի՛՛: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի մարդ կա, եկեք համեմատենք պոտենցիալները...

Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը: Մենք մեր կողմից այս որոշումը կիրականացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ երաշխավորելու ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը, երաշխավորելու ենք այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց ոչ, մեզ ասացին. ՛՛Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել՛՛: Իսկ դուք ի՞նչ եք անելու. ՛՛Մենք կպայքարենք...՛՛,-նշել է Պուտինը:

  • Կիսվել: