երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Պուտինն ազատել է Ռոբերտ Գիլմանին՝ փոխարենը ոչինչ չներկայացնելով. Թրամփ

Պուտինն ազատել է Ռոբերտ Գիլմանին՝ փոխարենը ոչինչ չներկայացնելով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է ռուսական կալանքից նախկին ամերիկացի ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ազատման մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը՝ ԱՄՆ նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն»:
 

Թրամփի խոսքով՝ Գիլմանը Ռուսաստանում բանտարկվել էր 2022 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցություններից հետո Մոսկվան համաձայնել է ազատել ամերիկացուն՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը փոխարենը ոչինչ չի պահանջել, և բանտարկյալների փոխանակում չի եղել։

Նա նաև հայտնել է, որ Գիլմանը երեքշաբթի երեկոյան պետք է ժամանի Վաշինգտոնի Էնդրյուս ավիաբազա, որտեղ նրան կդիմավորեն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։ Թրամփը նշել է, որ նրանցից մի քանիսը Գիլմանի հետ միասին գտնվում են ինքնաթիռում։

«Ես հենց նոր խոսեցի նրա հետ, և նա միայն մեկ խնդրանք ուներ՝ ժամանելուն պես՝ հիանալի չիզբուրգեր։ Ես դրա մասին կհոգամ»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: