Կադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, հաղորդվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևը նշել է, որ ադրբեջանցի և չեչեն ժողովուրդներին կապում է «դարավոր պատմությունը»։
«Եվ այսօր մենք ցուցաբերում ենք համերաշխություն, բարեկամություն, համագործակցություն»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաև նշել է Չեչնիայի ձեռքբերումները կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։ Ալիևն ընդգծել է, որ Կադիրովին միշտ ուրախ են տեսնել Ադրբեջանում։
Իր հերթին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանին և Չեչնիային կապում են բազմաթիվ պատմական և բարեկամական կապեր։ Նա նաև ցավակցություն է հայտնել 2024 թվականի դեկտեմբերին Բաքու-Գրոզնի երթուղու ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Սա մեր ընդհանուր ցավն է։ Մենք անկեղծորեն կիսում ենք եղբայրական ադրբեջանցի ժողովրդի վիշտը և աղոթում ենք զոհվածների հոգիների համար»,-ասել է Կադիրովը։
Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը Ադրբեջանին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Չեչնիայի միջև փոխգործակցության հետագա զարգացման հարցը։



