չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե հիմա ԱԺ ընտրություններ անցկացվեն, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները․ Մանուկյան

Եթե հիմա ԱԺ ընտրություններ անցկացվեն, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները․ Մանուկյան

Ներկա վիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է. մենք ոչ միայն ունենք տարածքային և մարդկային կորուստներ, այլ մենք կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, մեր արժանապատվության զգացումը վիրավորված է, հարց է առաջանում՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել և ամեն ինչ կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք, ես համոզված եմ, որ այո։ Այս մասին այսօր Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, գրում է tert.am-ը։

Խոսելով ազատ պետության կարևոր բաղադրիչի մասին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ կարևոր բաղադրիչ է ժողովրդավարությունը, որպեսզի արդար ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն:

«Ընտրությունների մեխանիզմը փչացավ, դարձավ մի նոր բանաձև, երբ ընտրությունների միջոցով իշխանությունը վերարտադրում էր ինքն իրեն, և մենք դրանով ազատության կարևոր բաղադրիչ կորցրինք: Այնուամենայնիվ, վերջին ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին, լիարժեք չէր, բայց մոտ էր, որովհետև հասկանալի էր՝ ժողովուրդն իրեն ընտրելու է, և ամեն ինչը նորմալ էր: Հիմա պատկերացրեք, այն մարդը երկիր կորցնելուց հետո խայտառակ պարտությունից և հազարավոր զոհեր տալուց հետո կառչած է աթոռին, դուք ի՞նչ եք կարծում, որ հիմա ընտրություն լինի, ի՞նչ կկատարվի ․․․ հիմա եթե ընտրություն կազմակերպվի, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները, որ մենք տեսել  ենք»,- նշեց նա:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ օրենքներն ու դատական համակարգը մյուս բաղադրիչն են. «Մեր օրենքները շատ լավն են, դատական համակարգը ևս տարեց տարի զարգանում էր, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ դատական համակարգը ջարդվեց, որ լիարժեք ծառայի միայն իրեն, մինչև այդ էլ լավը չէր, բայց նա ցանկացավ ամբողջությամբ իր բուռը վերցնել, այսինքն՝ ամբողջության սահմանափակել»:

 

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պատերազմում պարտություն կրելուց հետո երկիրը չի կարող գնալ առաջ, եթե նույն առաջնորդը մնա, այդ է պատճառը, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ստեղծվի մեկ տարով ժամանակավոր կառավարություն:

«Ես հռչակում եմ, որ անցումային կառավարությունն ամեն ինչ կանի, որ հիմք դրվի ժողովրդավարության բաղադրիչ մասերին: Դա այն լավատեսությունն է, որ ունենք ապագայի նկատմամբ: 1994 թվին Ադրբեջանը խայտառակ պարտվեց՝ զոհեր ունեցավ, ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող պատերազմում հետ վերցնել այդ հողերը, բայց կարողացավ դրա վրա կառուցել իր հետագա հաղթանակը՝ առանց հրաժարվելու Արցախի հարցից և իր տարածքների վերադարձից, նույնը մեզ է սպասվում՝ կան ընկճվելու ենք, հարմարվելու ենք՝ ասենք՝ ոչնչացած ենք կամ այս պարտության վրա կառուցելու ենք մեր ապագա հաղթանակը»,- նշեց նա:

  • Կիսվել: