շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես ուղղակի ցնցված էի, երբ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկում․ Զոհրաբյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի լսումների ժամանակ

Ես ուղղակի ցնցված էի, երբ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկում․ Զոհրաբյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի լսումների ժամանակ

Քրեակատարողական հիմնարկներում մենք բարելավում ունենք, բայց որպես պատգամավոր, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով կապ ունի և այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ, ես կանդրադառնամ խոշտանգումների խնդրին: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, ինձ համար նաև խոշտանգում է, որ հիվանդ դատապարտյալները և կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ: Մենք, ցավոք սրտի, ունենում ենք կալանավորներ և դատապարտյալներ, որոնց հիվանդությունն անհամատեղելի է կալանքը որպես պատիժ կրելու հետ: Եվ ցավոք սրտի, մենք ունենում ենք մահեր այն պատճառով, որ շատ դժվար է մեր դատական համակարգը արձագանքում այդ իրողությանը: Արդյունքում ունենում ենք ձգձգված դատական նիստեր, ծայրահեղ առողջական վիճակում գտնվող դատապարտյալ կալանավորներ, և ունենում ենք նաև մահեր»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում իրավապահ համակարգում հնարավոր կլինի դրական փոփոխություններ կատարել․

«Բերման ենթարկելու գործընթացում ինձ սարսափելիորեն մտահոգում է, այդ մասկի շոուները, որ կազմակերպում են անձին բերման ենթարկելիս: Ես ուղղակի ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ են հագցնում ու բերման ենթարկում, կամ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկում։

Իրավապահ համակարգը չունի կամ պիտի չունենան այլևս խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու և ինքնամատույց ծառայություններ իշխանություններին մատուցելու համար: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ կկարողանանք այդ ոլորտների օրենսդրական սողանցքներն այնպես փակել, որ որևէ ինքնամատույց ծառայություն մատուցող օղակ չփորձի գերազանցել իր լիազորությունները», - ասաց Զոհրաբյանը:

  • Կիսվել: