ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արդարադատության փոխնախարարը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ԱԺ լսումներին կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը

Արդարադատության փոխնախարարը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ԱԺ լսումներին կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Ազգային ժողովում հրավիրված՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին:

Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային և ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։

Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական և ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու  ուղղությունները, ինչպես նաև դատավորների անկախության, անաչառության և արդյունվետության ապահովմանն ուղղված գործողությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման և նշանակման, դատավորների և ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաև թիրախավորվել են դատավորների թվի ավելացման և սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման և գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։

Նշենք, որ ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) և քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական և վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը և նշել, որ ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման և քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։

ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարևորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է արվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաև պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին:

Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարևոր խորհրդատվությամբ ապահովելու համար և ընդգծել, որ ռազմավարական պլանավորման և իրականացման գործընթացին մեծապես նպաստել է արդարադատության ոլորտի երկխոսության ձևաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։

  • Կիսվել: