երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զեկույցում ներկայացրել ենք փաստեր,որ ակցիայի ակտիվ խոսնակները նույնականացվում են ադրբեջանական զինված ուժերի հետ․ ՄԻՊ

Զեկույցում ներկայացրել ենք փաստեր,որ ակցիայի ակտիվ խոսնակները նույնականացվում են ադրբեջանական զինված ուժերի հետ․ ՄԻՊ

Զեկույցում նկարագրված են փաստեր, որոնք Պաշտպանների երկու հաստատությունները հավաքագրել են դեկտեմբերի 13-ից 15-ը։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած համատեղ զեկույցին։

Պաշտպանը նշել է, որ առաջին հերթին իրականացրել են իրավիճակի նկարագրում, այնուհետև անդրադարձել են, փորձել ենք ցույց տալ, այսպես կոչված, բնապահպանական ակցիայի շինծու, կեղծ լինելը, ներկայացրել փաստեր, որոնք ապացուցում էին, որ ակցիան կազմակերպված իրականացվում է ադրբեջանական իշխանությունների ուղղակի ներգրավմամբ։

«Մասնավորապես ներկայացրել ենք փաստեր, որ ակցիայի ակտիվ խոսնակները, կազմակերպիչները նույնականացվում են ադրբեջանական զինված ուժերի կամ հատուկ իրավապահ ծառայությունների ծառայողների հետ»,-ասել է Գրիգորյանը։ 

«Նաև, ըստ էության, վեր ենք հանել իրենց ակտիվիստ հռչակած կազմակերպությունների պրոֆիլները, որոնք հիմք էին տալիս պնդելու, որ նման բնապահպանական ակտիվիստներն ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնդերի կողմից»,-եզրափակել է ՄԻՊ-ը։

  • Կիսվել: