հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում ԵՄ դեսպանը վստահեցրել է՝ Եվրոպայում գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վստահեցրել է՝ Եվրոպայում գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը

ՀՀ-ում ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները հստակ էին՝ չնայած որոշակի բախումներ եղան ձևակերպումների հետ կապված: Այդ մասին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյանը: 

Նա նշեց, որ դեսպանին իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների լռության կապակցությամբ, ընդգծել, որ այդպես է եղել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: «Մենք հիշեցրեցինք, որ 2016-ին հայ գերիների խոշտանգումների մասին զեկույցներ էին ներկայացվել միջազգային կառույցներ, սակայն որևէ պատշաճ արձագանք չեղավ: Դեսպանին ցույց տվեցինք հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող լուսանկարներ: Դեսպանը վստահեցրեց, որ իրենք տեսել են բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը և դրանք փոխանցել Բրյուսել»,- ներկայացրեց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ դեսպանն ասել է, որ Եվրոպայի համակրանքը հայ ազգի նկատմամբ է: «Տիկին Վիկտորինը նշեց, որ Եվրոպայում գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Մեր դիտարկմանը՝ եթե գիտեն՝ ինչո՞ւ էր ԵՄ-ն առաջին հայտարարության մեջ հայ ժողովրդին ագրեսոր անվանել, ապա ՀՀ ԱԳ նախարարի խոսքից հետո մեղմել, դեսպանը մի քիչ կարկամեց, նշեց, որ ԵՄ որոշումները միակողմանի չեն ընդունվում, այլ՝ միասնական: Նա հույս հայտնեց, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»,- ասաց նա:

Ա.Մելքոնյանը ամփոփեց՝ դեսպանի դիրքորոշումը չափազանց հայանպաստ էր, նա նույնիսկ զրույցի ընթացքում հուզվել է: «Նա նշեց, որ մեծ ցավ է ապրել Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակածության ժամանակ»,- եզրափակեց նախաձեռնող խմբի անդամը: 

 

  • Կիսվել: