չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքներն արցախյան ընտրությունների որակի կնիքն են

Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքներն արցախյան ընտրությունների որակի կնիքն են

Արցախի նախագահական ընտրություններում պարտված թիմերը, նրանց համակիրներն ու քաղաքական աջակիցները կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքները, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից մեկի մանրախնդրությունը հասել է նրան, որ գյուղական համայնքներից մեկում արձանագրել է ընտրական տեղամասի բարձրադիր դիրքը, որը «կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց ազատ կամարտահայտության վրա»:

Զավեշտալի է, բայց՝ փաստ, որի դիմաց խամրում է նույնիսկ արցախյան ընտրություններին վարչապետ Փաշինյանի տված գնահատականը: Արցախյան դիտորդներից մեկը երեկ խորհուրդ տվեց այսպես ասած «էտալոնային» դիտարկել Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքները: Թվերն այսպիսին են. նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 291 ընտրող, 103-ն իր քվեն տվել է Մասիս Մայիլյանին, 65-ը՝ Վիտալի Բալասանյանին: Արայիկ Հարությունյանն ստացել է բոլոր թեկնածուներին «կողմ» ձայների ավելի քան 48 տոկոսը: Մեկ միլիոնանոց Երեւանում հազիվ թե հնարավորություն է եղել «ուղղորդելու» ընտրողներին, մանավանդ՝ արտակարգ դրության եւ մեկուսացման պայմաններում: Եւ քվեարկության պատկերը գրեթե նույնական է ընդհանուր արցախյանին: Այս իրողությունը պետք է հանի բոլոր կասկածները:

Ընդ որում, Երեւանում գրեթե նույն արդյունքներն են արձանագրվել նաեւ խորհրդարանական ընտրություններում: Գործ ունենք քաղաքական հնարավորությունների ընդհանուր պատկերի հետ, որտեղ Արայիկ Հարությունյանը եւ նրա գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքն անառարկելի առաջատար են: Դա արցախյան ընտրողի ազատ կամարտահայտությունն է եւ հարկ չկա մեզ ժողովրդավարության դասեր տալ: Ժողովրդավարությունը մեծամասնության «դիկտատուրան» է:

Արցախում այդ մեծամասնությունը համախմբված է Արայիկ Հարությունյանի եւ նրա գլխավորած կուսակցական դաշինքի շուրջ: Եւ եթե հնարավորություն ընձեռնվեր, որ Արցախի քաղաքացիները քվեարկեին Մոսկվայում կամ Փարիզում եւ Վաշինգտոնում, պատկերը նույնն էր լինելու: Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքներն արցախյան ընտրությունների որակի կնիքն են»,- նշում է քաղաքագետը:

  • Կիսվել: