շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՊՀ-ում ընտրում են հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսկան կազմի թեկնածուներին

ԵՊՀ-ում ընտրում են հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսկան կազմի թեկնածուներին

ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին InfoPort.am-ը տեղեկացավ  ԵՊՀ լրատվական ծառայության տարածած հայտարարությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Zoom» հարթակի միջոցով անցկացված գիտխորհրդի առցանց նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հոգաբարձուների խորհրդի թեկնածուների ցուցակը գիտխորհրդի անդամներին ուղարկելուց հետո երկու ստորաբաժանում ևս ներկայացրել է իր կողմից առաջադրված թեկնածուներին:

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն առաջադրել է ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանին, իսկ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին»,- նշել է Գեղամ Գևորգյանը և առաջարկել նրանց նույնպես ներառել նախապես ներկայացված ցուցակում:

Հարցը դրվել է առցանց քվեարկության: Ձայների բացարձակ մեծամասնությամբ գիտխորհուրդը հավանության է արժանացրել ռեկտորի ժ.պ.-ի առաջարկը:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրել է քվեարկության կարգը, ըստ որի՝ գիտխորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրելու առավելագույնը 8 թեկնածուի: Եթե նշված թեկնածուները 8-ից ավելի լինեն, քվեաթերթիկը կհամարվի անվավեր:

Քվեարկության արդյունքում կընտրվեն այն թեկնածուները, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ (նույնիսկ եթե հավաքած ձայները 50 %-ից ավելի չլինեն): Եթե 8-րդ և 9-րդ տեղում հայտնված թեկնածուների հավաքած ձայները հավասար լինեն, ապա 8-րդ տեղում հայտնված թեկնածուին հավասար ձայներ հավաքած բոլոր թեկնածուների համար նորից կիրականացվի քվեարկություն:

Առաջարկված կարգը գիտխորհդրի կողմից հավանության է արժանացել և հաստատվել:

Այնուհետև գիտխորհուրդը հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը: Գեղամ Գևորգյանն ասել է, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներին առաջարկվել է հանձնաժողովի համար ներկայացնել իրենց թեկնածուին. «Հրաժարվել է միայն Աշոտ Սաղյանը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Եզնիկ Միրզոյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Մնացականյանի թեկնածությունները: Ես առաջարկում եմ նաև Վահրամ Պետրոսյանի և ուսանող Նարեկ Մարգարյանի թեկնածությունները»:

Գիտխորհուրդը հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը մեկնարկում է այսօր՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝

Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ. (Ֆիզիկայի ֆակուլտետ)

Բալյան Արշակ Յուրիի - Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Աստվածաբանության ֆակուլտետ)

Գաբուզյան Արա Հարությունի - Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (Իրավագիտության ֆակուլտետ)

Գալստյան Արշալույս Մերուժանի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Հայ բանասիրության ֆակուլտետ)

Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (Քիմիայի ֆակուլտետ)

Խաչատրյան Կառլեն Գագիկի - Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ)

Խաչատրյան Նարինե Գագիկի - Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)

Հախումյան Արսեն Ալեքսանդրի- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ)

Հարությունյան Ռուբեն Միխայելի- Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (Կենսաբանության ֆակուլտետ)

Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի- Կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. (Ֆարմացիայի ինստիտուտ)

Մալխասյան Միքայել Արմենի- Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Պատմության ֆակուլտետ)

Մարկոսյան Ռուբեն Լևոնի- Հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկ. (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան)

Ոսկանյան Վարդան Ստեփանի- Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (Արևելագիտության ֆակուլտետ)

Չուբարյան Անահիտ Արտաշեսի- Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)

Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի- Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ)

Սեդրակյան Անուշ Ռոստոմի- Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)

Սողոմոնյան Մենուա Անդրանիկի- Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ)

Քելյան Սարգիս Սամվելի- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ)

Աթայան Արա Կամոյի- ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն)

Քոչարյան Հայկ Մկրտչի- ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն)»։

  • Կիսվել: