շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում և այդ  հարցով դիմել է գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազությունը պատգամավորի գրությունն ուղարկել էր Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն որպես հանցագործության մասին հաղորդում:

  • Կիսվել: