ՌԴ-ում հնարավոր ժանտախտի տարածման պատճառով Սաակաշվիլին կոչ է անում փակել սահմանը
Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում անհապաղ փակել Ռուսաստանի սահմանը՝ թոքային բուբոնիկ ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով, գրում է aliq.ge-ն:
«Սա ժանտախտի հատկապես վտանգավոր ձև է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Ռուսաստանի հետ սահմանը հարկավոր է անմիջապես փակել, և ռուսների մուտքն արգելել Վրաստան», — գրել է Վրաստանի երրորդ նախագահը սոցիալական ցանցերում:
Ի դեպ, Հոկտեմբերի 2-ին մահացել է Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա աշխատակիցը. լրատվամիջոցներում կասկածներ կային թոքային բուբոնիկ ժանտախտի մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել բուբոնիկ ժանտախտի դեպք, չնայած Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը արդեն ուժեղացրել են սանիտարական և կարանտինային վերահսկողությունը սահմանային անցակետերում՝ Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:



