Իրկուտսկի մարզում հայտնաբերել և հոսպիտալացրել են 189 մարդու՝ ժանտախտով վարակվելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է «РЕН ТВ»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ բոլոր հոսպիտակացվածները շփվել են մի աղջկա հետ, որը նախօրեին մահացել էր այդ հիվանդությունից։ Մարդկանց տեղավորել են երկու հիվանդանոցում, 12 հոգու ուղարկել են հակաժանտախտային ինստիտուտ՝ հսկողության համար։ Նրանց մի մասի մոտ կան հիվանդության ախտանիշներ, սակայն վարակը դեռ չի հաստատվել։ Ստուգում իրականացնելու համար նաև պարզվում են այն անձինք, որոնք վերջին շրջանում հանդիպել են հոսպիտալացվածների հետ:

Իր հերթին Mash տելեգրամյան ալիքը հայտնել է, որ թոքային ժանտախտի զոհ է դարձել հակաժանտախտային ինստիտուտի 27-ամյա աշխատակցուհին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա վերադարձել էր Բուրյաթիա գործուղումից, որտեղ Մոնղոլիայի սահմանի մոտ արձանագրվել էր ժանտախտի օջախ։ Մեկ այլ վարկածով՝ աղջիկը լաբորատորիայում պատահաբար կոտրել էր վտանգավոր բակտերիայով փորձանոթը, երբ ախտորոշման համար կենսանյութ էր հավաքում։ Սեպտեմբերի 29-ին նրան հոսպիտալացրել էին Շելեխովի հիվանդանոց՝ թոքաբորբի ախտանիշներով, և միացրել արհեստական շնչառության սարքին։ Սակայն երկու օր անց նա մահացել է։ Կլինիկայի բոլոր աշխատակիցները մեկուսացվել են, իսկ հաստատությունը փակվել է կարանտինի համար։

Հաղորդվում է նաև, որ ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է Yersinia pestis բակտերիան։ Հիվանդության հիմնական ձևերն են բոժոժային, թոքային և սեպտիկ ձևերը։ Ամենից հաճախ մարդը վարակվում է կրծողների վրա եղած վարակված լվերի խայթոցներից։ Թոքային ձևը կարող է փոխանցվել մարդուց մարդուն շնչուղիներով: