ԴՕԿ-ը խոստանում է ընտրություններից հետո «Արևային Հայաստան» կառուցել
Առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նա նշել է, որ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»։
«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։ Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված»,-գրել է Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ պատրաստվում է իրականացնել «օրենքի դիկտատուրայի» վրա հիմնված քաղաքականություն։
Չնայած այն հանգամանքին, որ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գրանցումը ԿԸՀ-ի կողմից մերժվել է՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցությունը ընտրություններին։
Հիշեցնենք, որ կուսակցությունը շարունակում է վարչապետի թեկնածու համարել Վարդան Ղուկասյանին։



