ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիմադրություն» շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն եմ կրում. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն եմ կրում. Սաղաթելյան

՛՛Դիմադրություն՛՛ շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն եմ կրում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ իրենք պատասխանատվությունից չեն խուսափում:

՛՛Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր մենք այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ։ Մենք կարող էինք շատերի պես խուսափել նաեւ այդ պատասխանատվությունից, զբաղվել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենայինք, իմիտացիա անեինք, քննադատեինք ու անտարբերությամբ տեսնեինք մեր երկիրը ոնց են կտոր-կտոր հանձնում թշնամուն։ Մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել ենք՝ մտնում ենք այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով, թե դա ինչ է նշանակում, ու գնում ենք մինչեւ վերջ՛՛,-ասաց Սաղաթելյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանության վերջին օրերի գործողությունները հուշում են, որ շարժումը ճիշտ ընթացքի մեջ է:

՛՛Իրենք հաշվարկ ունեին, որ շարժումը մարելու է, մարդիկ հոգնելու են, տեսնելու են ձգձգվում է։ Տարբեր մեթոդներով փորձել են մաշեցնել շարժումը ու հետո փորձեն երկիրը կտոր-կտոր հանձնել։ Մայիսի 28-ի այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ այստեղ եւ Արցախում, դրանից հետո հետեւած պրոցեսները, երեք տասնյակ քաղաքական ուժեր, մտավորականներ, հասարակական կազմակերպություններ միացան այս պահանջին, սկսվեցին սրանց ոչ ադեկվատ, բռնի գործողությունները՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: