Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն». Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում «Սահմանադրության մասին» խորագրով գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»։
Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևապես՝ ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ։
Ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքների մասին.
Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը։
Պատանդառությունները, ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, այդ թվում նաև կալանավորումների կանխատեսելի նոր ալիքը, միայն կարող են ամրապնդել ընդդիմադիրների վճռականությունը՝ «ո՛չ» ասելու Փաշինյանի և Ալիևի սահմանադրությանը։
Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի ցանկացած երաշխիքի՝ դրանք ունեն զրո նշանակություն։
Հիշեցնենք՝ 2022 թ. մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։
Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը։
Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ փաթեթին՝ Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը, անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։
Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի»:



