կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Մոսկվայի արձագանքի մենյուն շատ մեծ է. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Մոսկվայի արձագանքի մենյուն շատ մեծ է. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դա թշնամական քայլ է։ Թշնամական է նաև Կիև գնալը (նկատի ունի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Կիեւում կանանց համաժողովի մասնակցելը և հանդիպելը Զելենկսու հետ- խմբ.), քաղաքական տարբեր հայտարարությունները... Ցավոք սրտի, դրա հետևանքը մենք ենք կրելու, ժողովուրդը։ Արդեն բողոքներ կան, որ սահմանին բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրներ կան»,– նշեց Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։

Արթուր խաչատրյանը նկատեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը:

Դիտարկմանը, որ ստատուտի վավերացումը Ադրբեջանի ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո Ալիեւին դատի են տալո՞ւ: Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։

Նա ընդգծեց` Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ուղղությամբ է շարժվում, և Ռուաստանից հակազդեցությունը սպասելի էր։ 

Հարցին, թե ի՞նչ քայլերի կարող է գնալ Ռուսաստանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մենյուն շատ մեծ է: նայեք, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ կապված: Ի դեպ, Վրաստանը 15 տարի անց հասկացավ, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր»։

  • Կիսվել: