Ցանկանում ենք Ռուսաստանին եւ Բրյուսելին ընդգրկել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովում. Արմեն Գրիգորյան
Դեռեւս մեկ օր կա ապրիլի վերջի համար, եւ կարծում եմ` մինչեւ այդ ժամանակը մենք կունենանք հայտարարություն: Այս մասին ՛՛Ազատություն՛՛ ՌԿ-ին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ բրյուսելյան պայմանավորվածությունների՝ մինչեւ ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով պետք է ստեղծվեր։
Խոսելով այն մասին, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ հանձնաժողովը եւ ովքե՞ր են այնտեղ ընդգրկվելու, ԱԽ քարտուղարն ասել է. ՛՛Տարբեր պետական ինստիտուտներ, որոնք որեւիցե ձեւով առնչություն ունեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացին, այսինքն` ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, նաեւ այլ ինստիտուտներ, որոնք եւ շահագրգռվածություն ունեն եւ գիտելիք ունեն այս գործընթացի վերաբերյալ: Այս աշխատանքային խումբը երկկողմ աշխատանքային խումբ է: Մենք ցանկանում ենք նաեւ միջազգային հանրությանը, որպես գիտելիք ունեցող եւ նաեւ ինստիտուցիոնալ փաստաթղթեր կրող պետություններ, օգնություն ցուցաբերենք, որպեսզի դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն անցնենք՛՛։
Ճշտող հարցին, թե արդյոք միջազգային հանրություն ասելով՝ նկատի ունի միայն Ռուսաստանի՞ն, Գրիգորյանը պատասխանել է. ՛՛Ե՛վ Ռուսաստանին, եւ՛ Բրյուսելին, եւ՛ նաեւ եթե մենք տեսնենք` հավելյալ անհրաժեշտություններ ունենք, այլ քննարկումներ էլ կունենանք՛՛։
Դելիմիտացիայի գործընթացը, ըստ նրա, շատ ծանր է, ուստի Հայաստանը, Գրիգորյանի խոսքով, պետք է շարունակի մտածել անվտանգության միջավայրի մասին:
ԱԽ քարտուղարն ասել է. ՛՛Նույնիսկ այնպիսի երկրների հետ, որոնց հետ ունենք շատ լավ հարաբերություններ, օրինակ` Վրաստանի հետ այս գործընթացը դեռեւս ավարտին չենք հասցրել, որովհետեւ կան մի շարք հարցեր, որոնց ո՛չ մենք ունենք այդ պատասխանը, ո՛չ Վրաստանը, կամ ունենք տարբեր մոտեցումներ: Եվ երկար տարիներ շարունակվում է այս գործընթացը, իսկ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի բարդ են, եւ այդ առումով անհրաժեշտ է, որ կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի այդ բանակցություններում առաջընթաց չգրանցելը չազդի օրինակ` սահմանային իրավիճակի վրա՛՛: