երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բորենիներին գնահատական տվեք, եթե թաղային խուժան են, թող դուրս գան ՔՊ-ի փեշերի տակից. Մանուկյանը՝ թաղապետերի մասին

Բորենիներին գնահատական տվեք, եթե թաղային խուժան են, թող դուրս գան ՔՊ-ի փեշերի տակից. Մանուկյանը՝ թաղապետերի մասին

Սիրելի երեւանցիներ, ես ներողություն եմ խնդրում այս ամենի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այստեղ ձեր երազած ավագանին եք տեսնում. Պետք է ավագանին այս ամենն ընդունի ի գիտություն եւ փորձի ինքն իրեն սաստել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, որ անդրադառանլով երեկվա միջադեպին քննադատել է այն. «Բայց ինչպես հայտնի «Սայաթ Նովա» ֆիլմում էր ասում. «Աշուղ Ֆաթուլլա, մոռացիլ իս վերջին տողերը կարդալ: Պարոն Փամբուխչյան, քննադատելիս երբ ասում էիք՝ երկու ընդդիմադիրների միջեւ է եղել այդ ամենը, մի պահ ուզում եմ մտածել, որ չեք տեսել վիդեոն: Բայց երկրորդ միջադեպին, երբ ձեր վարչական շրջանների ղեկավարների, ներողություն եմ խնդրում, խուժան պահվածքի ականատեսը դուք եք եղել: Ձեր կողմից ակնկալում եմ գնահատական դրան:

Երեկ շանտաժի տեսքով խոսքը, որ երեւանցու շահը ոտնահարվում է եւ մեկ օր շուտ պետք է երեւանցու խնդիրը  լուծվի՝ մետրոպոլիտենի կամ մյուսի հետ կապված, իհարկե, ճիշտ եք: Բայց երեկ ձեր թաղապետերը ցույց տվեցին, որ թքած ունեն երեւանցու շահերի ու խնդիրների վրա, որովհետեւ իրենք պռավալի տվեցին այդ ընտրությունները, իրենք պռավալի տվեցին ավագանու նիստը: Հետեւաբար, այսուհետ շանտաժի լեզվով խոսելուց հիշեք, որ այդ զենքը դուք կիրառեցիք եւ ձեր թաղապետերը փոշիացրեցին այդ զենքը»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով, եթե վարչական շրջանների ղեկավարների արարքին գնահատական չտալու, մեղավորներին խիստ չպատժելու դեպքում, դա ունենալու է իր հետեւանքները. «Հետեւանքները լինելու են եւ իրավական կյանքում, եւ իրական կյանքում, բոլորս էլ կյանքի մարդ ենք: Իսկ դրա համար պետք է լինի օրենքի գերակայություն: Ես ակնկալում եմ, որ երկու վարչական շրջանների ղեկավարները, որոնց կենսագրության ամենավառ կետերը մեկը ԱՄՆ-ում մի քանի տարի չհասկանալի գործունեությունը է ծավալել, հետ է վերադարձել եւ իրեն պահում է վերջին խուժանի նման:

Պարոն Փամբուխչյան ակնկալում եմ, որ բորենիներին գնահատական կտաք: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Մանուկյան Մեսրոպը կարա լռի, ինքը սխալվել է: Իմ քայլերը լինելու են հետեւողական եւ լինելու են իրավական դաշտում»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Նա պահանջեց ստեղծել էթիկայի հանձնաժողով. «Այդ հանձնաժողովը պետք է ունենա լիազորություն, որ ավագանու այն անդամը, որն իրեն հարիր չի պահում, ինքն իրավունք չունի այս դահլիճում գտնվելու՝ անկախ նրանից, նա իշխանություն է, թե ընդդիմություն: Եթե դուք դեմ եք, ուրեմն խրախուսում եք այս ամեն ինչը:

Ես նաեւ հաջորդ առաջարկը ունեմ՝ այն հարցերը, որոնք քաղաքապետարանը լավ գիտակցում է, որ ընդդիմության կողմից անընդունելի է, բայց դրանց շարքում կան հարցեր, որոնց պետք է հրատապ լուծում գտնել, այդ հարցերն ընդգրկեք օրակարգի սկզբնամասում եւ շանտաժ չկիրառել: Ձեր շանտաժի զենքը սպառվել է: Ես առաջարկում եմ դրա լուծումը: Քանի որ  դուք շատ լավ գիտեք, թե որ հարցերն են անընդունելի ընդֆդիմության կողմից, այդ հարցերը պետք է ընդգրկվեն օրակարգի վերջում, որպեսզի մնացած հարցերը լուծվեն»:

Իր խոսքի վերջում Մեսրոպ Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Դուք որոշեք, դուք ուզում եք ունենալ թաղային խուժան, ուրեմն թող դիմում գրեն, դուրս գան, դուրս գան ՔՊ-ի ու իշխանության փեշերի տակից ու խաղան այն, ինչը ուզում են»:

Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք, որ այս դահլիճում կարգուկանոնը շատ կարեւոր է»:

 

  • Կիսվել: