չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բաքուն չի ճանաչում Արցախի գոյությունը, դրա համար էլ երկխոսությունը դատապարտված է ձախողման. Արծվիկ Մինասյան

Բաքուն չի ճանաչում Արցախի գոյությունը, դրա համար էլ երկխոսությունը դատապարտված է ձախողման. Արծվիկ Մինասյան

Ստեփանակերտի եւ Բաքվի երկխոսությունը դատապարտված է ձախողման, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում այնպիսի միավորի գոյությունը, ինչպիսին Արցախն է։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 2-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ գործող իշխանությունները, խոսելով Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, փորձում են խուսափել ղարաբաղյան հարցում իրենց պատասխանատվության բաժնից, ինչը դատապարտելի է եւ անընդունելի։ «Եվ դա ակնհայտ է։ Ստեփանակերտի ներգրավումը սկզբից եւեթ ենթադրվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Եվ այն էլ՝ միայն այն փուլում, երբ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկվեին  ղարաբաղյան հակամարտության լուծման որոշակի տարբերակներ»,- ասել է Մինասյանը։

Իսկ երկխոսության պատկերացումն այլ փաթեթավորմամբ՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ինչ-որ միջոց, խորհրդարանականի կարծիքով, դատապարտված է ձախողման։ «Ադրբեջանը սկզբից եւեթ հայտարարել է այն մասին, որ չկա այնպիսի միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է։ Նա արցախահայերին դիտարկում է որպես իր քաղաքացիներ, որպես ազգային փոքրամասնություն։ Դա նշանակում է, որ ստեղծված պայմաններում ցանկացած մեխանիզմ դատապարտվելու է ձախողման։ Իսկ եթե երկխոսությունը հիմնվեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, նման շփումներին կարելի կլիներ շատ ավելի լավատեսորեն մոտենալ»,- ասել է Մինասյանը։

Արցախի իշխանությունները, ընդդիմադիր գործչի կարծիքով, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ցանկացած շփում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ չվերածվի Ադրբեջանի ներքին հարցերի լուծման քայլերի։ Նա նաեւ հիշատակել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մասին, որը քանիցս նշել է Արցախի սեփական իշխանություն ունենալու մասին։ «Դե, եթե դուք ընդունում եք, որ այնտեղ իշխանություն կա, որը ձեզ հետ ոչ մի կապ չունի, ապա ինչու եք այդ ժամանակ ստորագրել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախի անունից։ Ի՞նչ իրավունք ունեիք դուք նրանց փոխարեն այդպիսի որոշում կայացնելու։ Չէ՞ որ Արցախը սեփական կառավարություն ունի»,- նշել է Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: