հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բանակցային գործընթացում մեր մոտեցումն այն է, որ կաշկանդված չլինենք, հատկապես՝ վարչապետը․ Վահագն Խաչատուրյան

Բանակցային գործընթացում մեր մոտեցումն այն է, որ կաշկանդված չլինենք, հատկապես՝ վարչապետը․ Վահագն Խաչատուրյան

Ադրբեջանն իր լուծման ձևը գտավ: Հիմա այս իրավիճակում մեզ համար շատ կարևոր է, ու շատ ընկալելի է դա բոլորի համար՝ բանակցող կողմերի համար, այդ թվում նաև Ռուսաստանի համար, երբ մենք առաջինը օրակարգում դնում ենք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների ապրելու և անվտանգության իրավունքի հարցը: Սրանից ելնելով՝ մենք կարող ենք արդեն քննարկել կարգավիճակի հարցը: Այս մասին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Սա էական նշանակություն ունի, որպեսզի մենք կարողանանք և՛ որպես Հայաստանի քաղաքացիներ, և՛ որպես հայեր, և՛, ընդհանրապես, որպես կարգավիճակի լուծման կողմ, գնահատենք, թե ինչքանով է սա արդարացված և ճիշտ»,- ասել է ՀՀ նախագահը:

Խաչատուրյանն ասել է, որ իրենց գնահատականը միանշանակ է, որ սա ամենաճիշտ ճանապարհն է.

«Երբ մենք Լավրովի հետ ամսի 9-ին հանդիպում էինք, ես հիշում եմ, որ ինքը շատ առանձնահատուկ դրա մասին խոսեց, որ մենք էլ ենք կիսում ձեր դիրքորոշումը, շնորհակալություն, որ դուք էլ եք դրան հանգել: Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, ես կարող եմ իրենց անվան փոխարեն ասել, և երբ դուք առիթ ունենաք՝ կհանդիպեք: Մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով»,- նշեց Խաչատուրյանն ու հավելեց, որ այդտեղ մեկ այլ հարց է բարձրանում, «որը հայ հասարակության մեջ ինչ-որ խմբի մոտ շատ ցավոտ ընկալում ունեցավ և փորձում էին պետական մարմինների ներկայացուցիչներին ճնշել նաև դրանով՝ փաստաթուղթ էին շրջանառել  ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ Արցախը ուզո՞ւմ եք լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ՝ հարց»:

ՀՀ նախագահը ընդգծեց, որ չի կարծում, որ հրապարակավ եթե հարցում անցկացնեք, մենք կասենք ոչ՝ պետք է չլինի և, այդպիսի սոցիոլոգիական հարցում անցկացվել է․

«Եթե չեմ սխալվում՝ 67 տոկոսն ասել է ոչ: Բայց քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ, բանակցային գործընթացում, երբ դուք այդպիսի չոր դիրքորոշում եք ընդունում, նշանակում է՝ ի սկզբանե չգնալ այդ հարցի լուծմանը: Եվ, եթե ինձ հարցնեն, ես ասելու եմ, որ այդ հարցն ինձ համար գոյություն չունի այնպիսին, ոնց դուք դրել եք: Ես պատրաստ եմ բանակցել՝ առավելագույնը ստանալու, որպեսզի  իրականացնեմ այն խնդիրը, որ կոչվում է, որ մեր հայ ազգաբնակչությունը պետք է այդ տարածքում ապրի»,-նշեց նա ու հավելեց, որ այդ հարցն իր համար քննարկման ենթակա չէ:

Նա նաև ընդգծեց, որ «կոնկրետ մեզ համար՝ մենք չենք էլ ուզում ապացուցենք, որ մենք այնտեղ ապրել ենք կամ ապրելու իրավունք ունենք՝ մենք այնտեղ ենք եղել միշտ, նույնիսկ Հայաստանի տարածքում չենք եղել, բայց Ղարաբաղի տարածքում եղել ենք: Դա մեր մայր հայրենիքն է, մեր արմատներն այնտեղից են մեծ մասը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում ունեցած մոտեցմանը՝ Խաչատուրյանն ասաց, որ մոտեցումն այն է, որ մենք կաշկանդված չլինենք. «Հատկապես՝ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը և պետական այն կառույցները, որոնք ընդգրկված են բանակցային գործընթացում՝ իրենց պետք է ազատություն տալ»,- նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

  • Կիսվել: