Վրաստանի գյուղնախարարը գալու է ՀՀ՝ խնդրի լուծման փաթեթվ. Պապոյանը՝ հայկական բեռները սահմանին մնալու հարցի մասին
Հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը գալու է Հայաստան՝ խնդրի լուծման նախնական փաթեթով: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով այն մասին, որ հայկական բեռները շարունակում են շաբաթներով մնալ Վրաստանի սահմանին։
Նա, մասնավորապես, նշեց. «Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև առկա իրավիճակը շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար։ Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու, այսինքն՝ սենյակից դուրս չգանք, մինչև խնդիրը չլուծենք»:
Լրագրողների հարցին, թե ինչն է խնդրի առաջացման պատճառը, ինչպես է մեկնաբանում վրացական կողմը, Պապոյանը պատասխանեց. «Վրացական կողմը տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ է դրել գործարարների առաջ։ Թույլ տվեք՝ հիմա դետալների մեջ չմտնեմ, որովհետև կվախենամ, որովհետև դա կբարդացնի իմ գործը հունիսի 6-ին»։