հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Սիմոնե Ինձագիի հրաժեշտը Ինտերին. չորս տարվա փառավոր ճանապարհի ավարտը

Սիմոնե Ինձագիի հրաժեշտը Ինտերին. չորս տարվա փառավոր ճանապարհի ավարտը

Սիմոնե Ինձագիի և «Ինտերի» համատեղ ուղին ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ՝ չորս տարվա փայլուն համագործակցությունից հետո, որի ընթացքում ակումբը նվաճեց վեց տիտղոս: Այս որոշումը կայացվեց անկեղծ և կառուցողական զրույցից հետո, որն արտացոլում է կողմերի փոխադարձ հարգանքը: Այս մասին գրում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը:

Ինձագին իր հուզիչ հրաժեշտի ուղերձում խորին երախտագիտություն է հայտնել «Ինտերի» ողջ ընտանիքին՝ ղեկավարությանը, խաղացողներին, աշխատակիցներին և միլիոնավոր երկրպագուներին:

«Սիրելի ընտանիք,

Եկել է պահը հրաժեշտ տալու այս ակումբին՝ չորս տարվա ճանապարհից հետո, որոնց ընթացքում ես նվիրել եմ իմ ամբողջ էությունը: Ամեն օր «Ինտերն» է եղել իմ առաջին և վերջին միտքը: Ինձ փոխադարձաբար աջակցել են պրոֆեսիոնալիզմով և կրքով խաղացողները, ղեկավարությունը և ակումբի յուրաքանչյուր աշխատակից:

Վեց տիտղոս՝ ներառյալ Երկրորդ աստղով պսակված Սկուդետոն և 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, վկայում են մեր համատեղ աշխատանքի մասին: Շնորհակալ եմ բաժնետերերին անսասան վստահության, նախագահին և նրա թիմին՝ ամենօրյա աջակցության և բաց երկխոսության համար: Այսօրվա դժվարին օրը մենք անկեղծորեն քննարկեցինք և միասին որոշեցինք ավարտել այս հիանալի ճանապարհը:

Իմ վերջին խոսքը նվիրված է մեր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ, կիսել են դժվարություններն ու ուրախությունները: Ես երբեք Ձեզ չեմ մոռանա:

Forza Inter.

Սիմոնե Ինձագի»

«Ինտերն» իր պաշտոնական հայտարարությամբ ընդգծել է Ինձագիի նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը: Նրա ղեկավարությամբ ակումբը նվաճել է մեկ Սկուդետո, երկու Իտալիայի գավաթ և երեք Սուպերգավաթ՝ վերականգնելով իր դիրքերը իտալական և եվրոպական ֆուտբոլի գագաթնակետին: Ինձագին դարձել է «Ինտերի» պատմության ամենաշատ խաղեր անցկացրած մարզիչներից մեկը՝ կանգնելով այնպիսի լեգենդների կողքին, ինչպիսիք են Էրերան, Մանչինին, Տրապատոնին և Մոուրինյուն: Նրա ամենանշանակալի ձեռքբերումը Երկրորդ աստղն է, որը հավերժ կմնա ակումբի պատմության մեջ:

Ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան ասել է.

«Ինտերի բաժնետեր Օուկթրիի և ամբողջ ակումբի անունից շնորհակալություն եմ հայտնում Սիմոնե Ինձագիին նրա կրքի, նվիրվածության և անկեղծության համար: Միայն ամենօրյա համատեղ պայքարի արդյունքում է հնարավոր նման բաց և անկեղծ երկխոսություն, ինչպիսին տեղի ունեցավ այսօր»:

  • Կիսվել: