Իրանը պնդում է՝ իր տարածքում հնարավոր է ուրանի հարստացումը. Արաղչի
Թեհրանը պնդում է, որ ուրանը հնարավոր է հարստացնել իր տարածքում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` դրանից հրաժարվելու պահանջներին։ Այս մասին Բեյրութում գտնվելու ժամանակ SNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ-ի այդ առաջարկի մեջ, այդ նամակի մեջ մի շարք անորոշություններ կան։ Մենք պատշաճ կերպով կպատասխանենք մի քանի օրվա ընթացքում։ Ուրանի հարստացումը մեր տարածքում «կարմիր գիծ» է։ Սա իրականություն է, որը, կարծում եմ, բոլոր երկրները գիտակցել են»:
Արաղչին նշել է, որ Թեհրանը որևէ մեկից թույլտվություն չի հարցնելու հարստացման գործընթացը շարունակելու համար։
Հիշեցնենք, որ Թեհրանը և Վաշինգտոնը, Օմանի միջնորդությամբ, անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային խնդրի շուրջ։ Վերջինը տեղի ունեցավ Հռոմում մայիսի 23-ին։ Բանակցությունների արդյունքներով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Օմանի կողմից առաջարկված մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու խոչընդոտները։ Նման առաջընթացը, ըստ իրանցի նախարարի, հնարավոր է մեկ կամ երկու փուլ հետո։
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ կողմերի միջև հակասությունները սրվեցին։ Մասնավորապես՝ բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիաներից։
Բացի դրանից՝ Իրանը հնարավոր էր համարել ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելը, ինչպես նաև խոսել իր պատրաստակամության մասին՝ թույլ տալ ավելի մեծ վերահսկողություն իրականացնել իր միջուկային գործունեության նկատմամբ՝ ընդգծելու համար իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։