ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բալասանյաները՝ իշխանությունների թիրախում. փողերն արդեն երկրից դուրս են հանել. «Ժողովուրդ»

Բալասանյաները՝ իշխանությունների թիրախում. փողերն արդեն երկրից դուրս են հանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրային խիստ արձագանք:

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին: Թե ինչ ենթադրյալ չարաշահումների կամ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին է խոսքը, իրավապահ մարմինների մեր աղբյուրները չմանրամասնեցին: Բավականին ուշագրավ են Բալասանյանների վերաբերյալ հնարավոր քրեական գործերի շուրջ Գյուրիից եկող տեղեկությունները.

Շատերը կարծում են, որ թիրախում հնարավոր է լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի դեմքերի հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչեւ ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքել եւ քաղաքական նպատակներով օգտագործել, մի մասն էլ կարծում են, որ «ԳԱԼԱ» ՀԸ կողմից արված բացահայտումն է թեման, ինչը վերաբերում է մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին: Ըստ լրջագույնս փաստարկված լրագրողական այդ հետաքննության՝ Բալասանյանի ավագ որդու շրջապատի անձանց կողմից գրանցված «ֆեյք» ընկերությունների միջոցով առանձնապես խոշոր գումարների գործարքների պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի հետ:

Պարզաբանումներ ստանալու համար մենք փորձեցինք կապվել Սամվել Բալասանյանի ու նրա որդու հետ, սակայն մեզ դա չհաջողվեց, իսկ ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին, որ Սամվել Բալասանյանը տեւական ժամանակ է՝ հանրապետությունում չէ, իսկ թե ուր է, կամ ինչով է պայմանավորված նրա բացակայությունը, արդյոք վախենում է իրավապահների հնարավոր այցերից, պարզել չհաջողվեց: Ի դեպ, Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստը» ու փողերը հանել են Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ, իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: