երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային կոմիտեի կազմը համալրել նաեւ արեւմտամետ գործիչներով, որ այն դառնա բազմաբևեռ, բազմակարծիք. Դավիթ Անանյան

Ազգային կոմիտեի կազմը համալրել նաեւ արեւմտամետ գործիչներով, որ այն դառնա բազմաբևեռ, բազմակարծիք. Դավիթ Անանյան

Համազգային ընդվզումը, որպեսզի վերածվի համազգային զարթոնքի և շարժման, առաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նաեւ նշել է. «Ամենայն հարգանքով Ազգային կոմիտեի բոլոր անդամների հանդեպ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փարատել կոմիտեի կազմի վերաբերյալ ժողովրդի, մասնավորապես, երիտասարդության մոտ (որի հակառուսական տրամադրությունները էլ ավելի են ընդգծված) առաջացած այն կասկածը, ըստ որի այս շարժումը պրոռուսական է (մանավանդ, Ռուսաստանցի տարբեր գործիչների կոչերը՝

Հրապարակ գնալու վերաբերյալ, կարող են խորացնել այդ կասկածները):

Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրատապ կերպով քննարկումներ սկսել արևմտամետ գործիչների հետ ևս, օրինակ՝ Բևեռի (եթե, իհարկե այդ քննարկումները դեռ չեն ընթանում), և Ազգային կոմիտեի կազմը համալրել ոչ պակաս հայրենասեր այնպիսի գործիչներով, որոնց շնորհիվ կոմիտեն կդառնա բազմաբևեռ, բազմակարծիք և իրական ազգային:

Այսօրվա իրավիճակը շատ հեշտ կերպով մանիպուլացվում է որոշ ուժերի (այդ թվում նաև ազնիվ մարդկանց) կողմից և իրական ազգային ընդվզումը, որակվում է, որպես ռուսական ուժերի կողմից հեղաշրջման փորձ:

Սա ջլատում է ժողովրդին և հերթական անգամ մասնատում այն:

Հարգելի Ազգային կոմիտե, օրակարգային հարցերն այնքան ակնհայտ ու ազգային են, որ անհնար է պատկերացնել դրանց շուրջ համախմբվելու ձախողումը:

Համախմբվե՛ք, որպեսզի կարողանաք համախմբել»:

  • Կիսվել: