կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերջին տարիներին շուրջ 100 հազար ակտիվ հարկ վճարողների շուրջ 1 տոկոսը վճարում է հարկային եկամուտների 77 տոկոսը․ Անանյան

Վերջին տարիներին շուրջ 100 հազար ակտիվ հարկ վճարողների շուրջ 1 տոկոսը վճարում է հարկային եկամուտների 77 տոկոսը․ Անանյան

Ի շարունակություն նախորդ գրառման, անհրաժեշտ է նշել, որ ՊԵԿ-ի կողմից խոշոր հարկ վճարողների հրապարակված ցանկը, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև կապված այն հանգամանքի հետ, որ դեռևս պահպանվում են հարկային եկամուտների ձևավորման գործընթացում հարկ վճարողների մասնակցության «բևեռացման» միտումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Մասնավորապես, ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ըստ էության, վճարվել է պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 77 տոկոսը։ Այսպես. 2022-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,926 մլրդ դրամ (2023-ին՝ 2,221 մլրդ դրամ), որից 1,490 մլրդ դրամը (2023-ին՝ 1,711 մլրդ դրամը) ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները։

Այսինքն՝ վերջին տարիներին շուրջ 100 հազար ակտիվ հարկ վճարողների (հարկային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հարկման օբյեկտ հայտարարագրած հարկ վճարողների) շուրջ 1 տոկոսը վճարում է հարկային եկամուտների 77 տոկոսը։

Նման բևեռացումը արդյունավետ հարկային վարչարարություն իրականացման տեսանկյունից կարծես թե մտահոգիչ չէ, հակառակը՝ այն թույլ է տալիս հասցեական հարկային վարչարարություն իրականացնել՝ հարկային եկամուտներն ապահովող հիմնական դերակատարների հետ հորիզոնական, մոնիտորինգային և գործընկերային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ վերահսկողություն ապահովելու առումով։ Այլ է խնդիրը՝ կապված հարկային քաղաքականության արդյունավետության հետ։

Ակնհայտ է, որ հարկային քաղաքականության արդյունավետության հասկացությունը տարբերվում է հարկային վարչարարության արդյունավետության հասկացությունից, քանի որ հարկային քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է ազգային հաշիվների համակարգի հիման վրա մշակված դինամիկ մոդելների կիրառմամբ՝ հաշվարկելու համար տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ (օպտիմալ) հարկային բեռի ցուցանիշները, որոնց պայմաններում, մի կողմից՝ պետությունը հնարավորություն է ունենում բավարարել իր նվազագույն ֆիսկալ (գանձարանային) նպատակները, մյուս կողմից՝ տնտեսությունն ապահովում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թողարկման առավելագույն ցուցանիշ։

Մյուս կողմից, ՀՆԱ-ի աճի «որակը» ժամանակակից աշխարհում գնահատվում է հանրային և մասնավոր ներդրումների շնորհիվ տնտեսության կողմից կապիտալի ձևավորման (կապիտալ ծախսումների կատարման, հիմնական միջոցների կառուցման) առկայությունից, դրա չափից, ինչպես նաև և դրանց արտադրողականությունից։ Հետևաբար, քանի դեռ մեր երկրում ներքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ, արտաքին անվտանգային խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլև գնալով խորանում են, իսկ ՀՆԱ-ի աճը «որակի» տեսանկյունից լավը չէ, հարկային քաղաքականության արդյունավետության գնահատում իրականացնելն անիմաստ է»։

  • Կիսվել: