շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Քննարկվել են «Հայաստանի 8 մարզում աղբահանության և կոշտ թփոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացման մանրամասները

Քննարկվել են «Հայաստանի 8 մարզում աղբահանության և կոշտ թփոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացման մանրամասները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունիսի 19-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացման նպատակով կլոր-սեղան քննարկում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ։
 
Քննարկմանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ, Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն ու աշխատակիցները։
 
Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացվել է աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի առկա իրավիճակը, օրենսդրական բարեփոխումները, իրականացված և իրականացվող ծրագրերի ընթացքը։
 
Այնուհետև մանրամասն քննարկվել են «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի մեկնարկի նպատակով հստակեցված 3 գոտիներում աղբավայրերի, փոխաբեռնման կայանների, վերամշակման գործարանների տեղադիրքերի ընտրության, աղբահանության սխեմաների կազմման, ինստիտուցիոնալ և սակագնային քաղաքականության առաջարկների մշակման նպատակով տեխնիկատնտեսական ուսումնասիրության անցկացման հնարավորությունները։
 
Կողմերը, ընդգծելով հանրապետությունում սանիտարական աղբավայրերի և թափոնների վերամշակման կայանների կառուցման անհրաժեշտությունը, առաջարկել են իրականացնել տեխնիկական, սոցիալական, տնտեսական և ֆինանսական տեսանկուններից գնահատում։

  • Կիսվել: