հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում. պետք է ամեն ինչ անենք, որ արյունահոսությունը դադարեցնենք. Չալաբյան

Այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում. պետք է ամեն ինչ անենք, որ արյունահոսությունը դադարեցնենք. Չալաբյան

Արցախում աղետը շարունակվում է. Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախում մեր բանակն այսօր պետք է զինաթափվի, թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնել, որ իր տարածքում դատի նրանց, եւ, ամենայն հավանականությամբ, դատապարտի կամ ցմահ ազատազրկման, տաժանակրության կամ մահվան: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՛՛Հայաքվե՛՛ նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը:

Նա նշեց. ՛՛Ճանապարհը մինչեւ հիմա փակ է, երթեւեկություն չկա, Ստեփանակերտը շրջափակման մեջ է, Մարտունին ու Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության եւ նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում, եւ որի պատանդն ու զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արնահոսությունը դադարեցնենք՛՛:

Չալաբյանը ներկայացրեց որոշ քայլեր, որոնք պետք է արվեն առաջիկա մի քանի օրերում. ՛՛Առաջինը՝ ոչ մի հայ զինվոր եւ հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին, երկրորդ՝ ճանապարհները Արցախի հետ պետք է բացվեն, մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենակիցներին հասցնել ամենաանհրաժեշտը՝ սնունդ, հագուստ, վառելիք, վրաններ եւ այլն:

Երրորդը՝ 10 հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից, նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց տները, ինչքանով դա հնարավոր է... Եվ ամենակարեւորը՝ մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է, եւ Արցախը կորսված է: Դա այդպես չէ: Եկեք երդվենք, որ չենք համակերպվի Արցախի կորստի հետ: Մեր երեխաները եւ թոռները Արցախը հետ են վերադարձնելու: Իսկ դրա համար շատ կարեւոր է, որ այն, ինչ մնացել է Արցախից, պահպանվի՛՛:

Չալաբյանն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով քննարկմանը եւ ասաց, որ Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ առաջարկել է, որ Արցախ մտնի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն: ՛՛Գուցե դա այն տարբերակներից մեկն է, որը գոնե ժամանակավոր կկարողանա Արցախում խաղաղություն պահովել, մինչեւ Հայաստանը, ազատվելով այս խամաճիկային ռեժիմից, վերականգնի իր ուժերը: Մենք պետք է հասկանանք, որ եթե չլինի այդպիսի առաքելություն, Արցախի ժողովրդին հիմա էլ պատանդ պահելով՝ ստիպի Հայաստանին հանձնել Սյունիքը կամ միջանցք Սյունիքով... Ուստի կարեւոր է, որ առաջիկա օրերին Հայաստանի ողջ պետական համակարգը լծվի միջազգային գործընկերների հետ անմիջական աշխատանքի, որքան էլ այս սրիկան մեզ խանգարի: Գնացեք, լծվեք գործի եւ արեք ամեն ինչ, որ միջազգային հանրության կարեւորագույն խաղացողները՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, գուցե նաեւ Չինաստանը, իրենց ջանքերը համատեղեն Արցախի մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ճանապարհները բացելու, Ադրբեջանի ցեղասպան պլանները արգելափակելու համար՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: